«Խաղաղության խաչմերուկը» լավագույնս կարող է շ...

Հայ և չին ժողովուրդները լիարժեքորեն զգացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ողբերգությունը, հետևաբար նրանց համատեղ ջանքերն ու ներդրումն ընդհանուր հաղթանակում ունեն պատմական նշանակություն ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու առումով, ինչն անգնահատելի արժեք է։   

Այդ կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ ելույթ ունենալով ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյա հոբելյանին։ 

Պատգամավորի համոզմամբ՝ այս տարեթիվը ոչ միայն պատմական սահմանագիծ է, այլև հիշողություն միլիոնավոր կյանքերի մասին, որոնք տրվել են հանուն ազատության և խաղաղության։ Այն քաջության ու տոկունության դաս է, որը մինչ օրս միավորում է ժողովուրդներին։ 

«Այսօր, երբ հիշում ենք անցյալը, տեսնում ենք, որ հայերի ու չինացիների պայքարը ոչ միայն ռազմական, այլև հոգևոր չափում ուներ։ Դա պայքար էր մարդասիրության, արդարության և ժողովուրդների ազատ զարգացման իրավունքի համար։ Այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առաջ՝ միջազգային ահաբեկչություն, տարածաշրջանային հակամարտություններ, պատմական փաստերի միակողմանի վերանայում, միջազգային իրավունքի խաթարում։ Այս պայմաններում առավել քան երբևէ կարևոր է պետությունների համերաշխությունը, պատմական ճշմարտության նկատմամբ հարգանքը և պատրաստակամությունը՝ միասին դիմակայելու սպառնալիքներին»,- ասաց Սանդիկովը։ 

Պատգամավորի դիտարկմամբ՝ նշյալ մարտահրավերները չեն շրջանցում նաև Հայաստանը։ ՀՀ-ն գնում է ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով՝ մեծ նշանակություն տալով խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետևողական միջազգային երկխոսությանը։ 

Սանդիկովը հավելեց, որ հայ ժողովուրդն այսօր ունի տարածաշրջանում խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում իր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն։ Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրված է, և ձեռքբերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար, առավել ևս, որ մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը։ 

«Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանը կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը, որը միտված է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Սա բազմաֆունկցիոնալ նախաձեռնություն է, որն ուղղված է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային կայունության և ինտեգրացիայի բարձրացմանը՝ անվտանգության, հումանիտար և մշակութային կապերի, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության խթանմանը։ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն այդ առումով լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ»,- ասաց Սանդիկովը։ 

Պատգամավորի գնահատմամբ՝ արմատավորված վստահությունն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամուր հիմք են նման համագործակցության համար։ Հայաստանն ու Չինաստանը կապում են բազմադարյա մշակութային և պատմական շփումներ, և այսօր մենք զարգացնում ենք գործընկերությունը քաղաքականության, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Պատգամավորն իր ելույթն ավարտեց՝ վկայակոչելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի խոսքերը․ «Արդարությունը հաղթում է։ Խաղաղությունը հաղթում է, ժողովուրդը հաղթում է»։