«Խաղաղության ցուցակներն են». ՔՊ–ի ընտրացուցակ...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արայիկ Հարությունյանը, Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանն Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով ընտրական ցուցակը ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:

Նշենք, որ ՔՊ-ն առաջին քաղաքական ուժն է, որ ընտրական ցուցակը ներկայացնում է ԿԸՀ ։

«Շնորհակալ ենք, որ հանգիստ օր եք բերել։ Դուք խախտեցինք մեր սպասելիքները, քանի որ սովորության համաձայն, բոլորը վերջին օրերին են բերում»,-ՔՊ ներկայացուցիչներին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ երբ բոլորը վերջին օրն են բերում, դա իրենց համար ծանրաբեռնվածություն է առաջացնում։

Շենք մտնելիս ՔՊ–ի նախընտրական շտաբի պետն Արայիկ Հարությունյանն ասաց. «Խաղաղության ցուցակներն են»։

Իսկ արդեն փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ընտրացուցակում ներառված է 283 թեկնածու, մինչ այդ էլեկտրոնային համակարգով պահանջվող փաստաթղթերը ներբեռնել են համակարգ։

«Այդ ամեն ինչը եղել է հրապարակային, դուք էլ ինչ-որ չափով մասնակցել եք մեր ընտրությունների պրոցեսին, մենք ցուցակի ձևավորումը շատ վաղուց ենք սկսել դեռևս անցած տարվա վերջից, և արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 թեկնածուներ քվեարկվել են առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է քարոզարշավ և ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով և ձևավորվել է լավագույն 50-ը։ Այդ տրամաբանությամբ նաև բաշխվել են տեղերը և ներկայացրել ենք ցուցակները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ–ն ընդունում է ապրիլի 13–ից մինչև ապրիլի 23–ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ից ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը ժամը 24:00-ը։