Հիմա ավելի քան պարզ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերությունները լարված են: Եթե սկզբնական փուլում փորձ էր արվում դա քողարկել, այժմ «խաղաքարտերը» բացվեցին, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի Ու Արցախի իշխանությունների՝ լարված որակվող հարաբերություններին:
Խոսելով լարվածության հնարավոր պատճառների մասին՝ Հակոբյանն ասաց.«Ես կարծում եմ՝ լարվածությունն առավել սրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցից հետո (Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվեց Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ.խմբ.): հավանաբար մինչ այւդ էլ կային որոշ ներքին խմորումներ, որոնք սկսեցին սրվել»,-նշեց Հակոբյանը:
Ըստ քաղաքագետի՝ եթե դատենք նույնիսկ բաց աղբյուրներից օրինակ՝ այն ինֆորմացիաներից, որոնք տվել է Նիկոլ Փաշինյանը, ապա տեսնում ենք հետևյալը.«Վարչապետն ասում է, որ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր կոնցեպտը, որից հետո, իր խոսքով, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի որոշ շրջանակներ այս կամ այն ձևով իրենց անհամաձայնությունն են արտահայտել՝ հիմնականում մամուլային արտահոսքերի միջոցով: Սրանից բխում է, որ բավականին լուրջ տարաձայնություններ կան այդ կոնցեպտի շուրջ նախևառաջ, որն էլ բերում է փոխադարձ անվստահության: Հաբանաբար այդ կոնցեպտը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Ստացվում է՝ այս անվստահությունը ոչ միայն ներքին քաղաքական հիմքեր ունի, այլև, որքանով կարող եմ եզրակացնել վարչապետի տված ինֆորմացիայից, վարչապետի մոտեցումների շուրջ է»:
Քաղաքագետն ընդգծեց՝ երեկ հակասություններ նկատվեցին Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի արած հայտարարություններում՝ Արցախի հարցով բանակցային պրոցեսի վերաբերյալ.«Փաշինյանն ասաց, թե Արցախի իշխանությանը ներկայացրել է փաստաթղթեր՝ տեղեկացնելով բանակցային պրոցեսի մասին, իսկ մինչ այդ նման բան չի եղել, Բակո Սահակյանն ասաց՝ միշտ էլ իրենց տեղեկացրել են բանակցային գործընթացի մասին և բացի այդ, իրենք ևս Փաշինյանին փաստաթղթերի փաթեթ են ներկայացրել: Ստացվում է՝ փաստաթղթերի փոխանակում է տեղի ունեցել: Բակո Սահակյանի պատասխանը, իմ կարծիքով, դիվանագիտական էր ու զուսպ»:
Քաղաքագետի կարծիքով՝ Արցախի Հանրապետության ղեկավարի խոսքում կար կարևոր մի մեսիջ, որ եթե կան հարցեր քննարկելու, եկեք, քննարկենք՝ առանց աղմուկի ու լրատվամիջոցների միջոցով խոսելու:
«Մեր ազգային անվտանգությունից ելնելով, մեր պետական շահից ելնելով՝ պետք է այդ կոչին արձագանքեն: Ես նման իրավիճակ հիշում եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 90-ականնների սկզբին, երբ խորը հակասություններ կային Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև (ՀՅԴ-ն էր հիմնականում): Վատ իմաստով նոստալգիկ հիշողություններ են արթնացնում: Հիմա, ես կարծում եմ, եկել նորից բավականին վտանգավոր շեմին ենք կանգնել, և դա կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Հարցին, թե մեսիջը արձագանք կստանա՞, քաղաքագետը պատասխանեց«Ես հիմա դժվարանում եմ ասել՝ Հայաստանի իշխանությունները կամ Նիկոլ Փաշինյանը ինչպես կարձագանքի, բայց դա անհրաժեշտ է: «Խաղն», արդեն, համարյա թե բաց է, պրետենզիաները բաց տեքստով են ներկայացվում: Արցախից նորմալ հարաբերությունները վերականգնելու մեսիջ կա: Հարցը համահայկական է, նույնիսկ ներքաղաքական, պետական հարց չէ, այլ համահայկական է, և պետք է արձագանք լինի»:




