Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, որպես հատուկ համակարգող եւ առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները:
Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել Հունգարիայում ընտրական գործընթացում ներգրավված պետական հաստատությունների, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Հունգարիայի խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի թիմի հետ:
Հանդիպումների ընթացքում Սարգիս Խանդանյանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ քարոզարշավի ընթացքին:
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 12-ին:



