Խաչատուրյանը Ռումինիայի դեսպանի հետ քննարկել...
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։
 
Նախագահը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան, ինչպես նաև Ռումինիայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առիթով, մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով նախաձեռնությունների և քայլերի ակտիվացման հարցեր։
 
Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զգալի ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը։
 
Անդրադարձ է կատարվել կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, քաղաքացիական ավիացիայի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ Շեշտվել է նաև Եվրամիության հարթակում համագործակցության խորացման կարևորությունը։
 
Հատուկ ընդգծվել է Երևան-Բուխարեստ ուղիղ թռիչքների նշանակությունը, որոնք նպաստում են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական, զբոսաշրջային և մարդկային կապերի ամրապնդմանը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք երկու կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի COP-17 համաժողովին, ընդգծելով դրանց հաջող կազմակերպման ու արդյունավետության ապահովման համար գործընկեր երկրների աջակցությունն ու ներգրավվածությունը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների շուրջ՝ կարևորելով առկա մարտահրավերների հաղթահարումը խաղաղ բանակցությունների և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման միջոցով։