Նախկին մայոր Ցոլակ Խաչատրյանը, ով հուլիսի 8-24-ը հացադուլ էր իրականացնում Կառավարության մոտ՝ պահանջելով միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, շաբաթ օրերին աշխատելու համար փոխհատուցումը, երեկ՝ հուլիսի 29-ին վերսկսել էր հացադուլը, այսօր առավոտյան դադարեցրել է: Այս մասին նա քիչ առաջ հայտնեց Politik.am-ի հետ զրույցում:
Խաչատրյանը նշեց, որ դեռևս չի ցանկանում մանրամասնել, թե ինչու է դադարեցնում հացադուլը: Տեղեկացրեց միայն, որ այս անգամ իրեն հանդիպած անձինք վստահություն են ներշնչել, և հավատում է, որ խնդրին վերջնական լուծում կտրվի: Նա համաձայնել է հացադուլը դադարեցնել մինչև օգոստոսի 5-ը: «Եթե այս օրերի ընթացքում էլ իմ արդարացի պահանջը չկատարվի, կվերսկսեմ հացադուլն՝ այս անգամ առանց որևէ մեկին տեղեկացնելու»,-նշում է նա:
Նշենք, որ նախկին մայորը պնդում էր, որ կառավարության և ՊՆ-ի կողմից խոստացված ժամկետնորում խնմդրին լուծում չի տրվում: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմում էր ներկայացրել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ հայտարարելով հացադուլը վերսկսելու մասին:



