Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում։ Ղալիբաֆն այս մասին մարտի 23-ի երեկոյան գրառում է արել X հարթակում։
«Կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթի շուկաները մանիպուլացնելու և այն ճահճից դուրս գալու համար, որում խճճվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը», - գրել է նա։
Reuters-ը գրում է, որ իսրայելցի մի պաշտոնյա և իրավիճակին ծանոթ երկու այլ աղբյուր հայտնել են, որ հենց Ղալիբաֆն է իրանական կողմի հետ բանակցություններ վարում։
Թրամփը մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները: Նա չի հայտնել, թե ով է բանակցում իրանական կողմից, սակայն ասել է՝ նա երկրի հարգված ղեկավարներից մեկն է:
ԱՄՆ նախագահը 5 օրով երկարաձգել է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար, ինչը չանելու դեպքում սպառնացել էր ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները։
Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանն է կապվել ԱՄՆ-ի հետ, քանի որ չէր ցանկանում, որ իր էներգետիկ ենթակառուցվածքը հարվածների ենթարկվի: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայն են բազմաթիվ կետերի շուրջ: ԱՄՆ նախագահը նաև նշել է՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս ԱՄՆ-ն կվերցնի Իրանի հարստացված ուրանը: Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կպահպանի հնգօրյա ժամկետը, և եթե ամեն բան լավ ընթանա, ապա իրավիճակը կհանգուցալուծվի: Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ամեն ինչ ստացվի, Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, և նավթի գինը կտրուկ կնվազի:



