ԿԲ-ն Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ է առաջարկում: Փոփոխությունների փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Նուրբեկյանը նշեց, որ եկել է կենսաթոշակային ֆոնդերին մի քիչ ավելի շատ ազատություն տալու ժամանակը՝ մասնավորապես, հենց ՀՀ ներսում ներդրումներ կատարելու համար։ Նա տեղեկացրեց, որ կան մի շարք փոփոխություններ, որոնք տեխնիկական բնույթ ունեն, այսինքն, վերաբերում են հիմնականում թղթային ծանուցումներից վերանալու կտորին:
Երկրորդ փոփոխությունն այն է, որ առաջարկվում է ֆոնդերի կառավարիչներին հնարավորություն տալ, որ Հայաստանում այլ ներդրումային միջավայր զարգացնեն:
«Ենթադրենք ես ՀՀ կուտակային ֆոնդերից մեկն եմ կառավարում, և ուզում եմ այլ ֆոնդ էլ բացել, մինչև այս պահը սա օրենսդրությամբ արգելված էր, հիմնական իմաստն այն էր, որ մենք ուզում էինք, որ իրենք կենտրոնանային այդ մեծ գործի վրա և այլ հնարավոր ռիսկեր չունենային: Հիմա քանի որ համակարգը կայացած է, կարելի է տալ այդ հնարավորությունը: Մեր կարծիքով, դա կարևոր է, հատկապես, որ ֆոնդերի կառավարիչների կողմից այդպիսի ախորժակ կա, որպեսզի իրենք Հայաստանում այլ ներդրումային միջավայրը զարգացնեն, մեր կարծիքով ափսոս կլինի, որ մենք իրենց ինստիտուցիոնալ գիտելիքները չօգտագործենք։
Եթե մեր կառավարիչներն ուզում են այլ ֆոնդեր ևս կառավարեն, իրենք համապատասխան ինստիտուցիոնալ ներդրումներ իրենց մոտ արել են, և մեր կենսաթոշակային համակարգը որևէ ռեպուտացիոն ռիսկի տակ չեն դնում, ԿԲ-ն դեմ չէ»,- ասաց նա։
Երրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ մինչ այս պահն այդ ֆոնդերը ուղիղ ներդրում չեն կարողանում անել մեր տնտեսության մեջ, միայն գրանցված ֆոնդերի միջոցով են կարողանում: «Հիմա երբ նայում ենք, թե ոնց է շուկան, զարգանում, կարելի է նաև այստեղ որոշակի ազատություն տալ։ Այստեղ ի՞նչն է կարևորը, ընդհանուր ռիսկի դասը չի փոխում։ Այսինքն, այդ ուղղակի ներդրումների 10% սահմանափակումը, որ կա, նույնն է մնում, բայց այդ ռիսկի դասի մեջ գործիքները, այսինքն ուղղակի ներդրումների գործիքները բացվում են»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալը:
Նա տեղեկացրեց, որ մինչ հիմա պահպանողական ֆոնդի պարագայում բաժնային արժեթղթերի ներդրումների առավելագույն սահմանաչափը գործել է որպես 25%, այսինքն, բաժնետոմսերի մեջ եղել է 25% մաքսիմում:
«Առաջարկում ենք այն սահմանել 35%: Անգամ փոփոխությունն ընդունվելու պարագայում այդ 35%-ը միջազգային չափանիշների համար դեռևս շատ կոնսերվատիվ է»,- նշեց Նուրբեկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մեր կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մեկ տրիլիոնի, ինչը շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ «Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք, մոտ 460 հազար է: Հիմա կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք մի քիչ ավելի շատ պետք է հնարավորություններ տանք, որպեսզի իրենք մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում»,- շեշտեց նա: