Հայաստանի՝ COP17-ում նախագահության ֆոնին, հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվում է «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովը՝ «Առաջնորդներ հանուն բնության» կարգախոսով։
Գագաթնաժողովը կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների առաջնորդների, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, մշակույթի նշանավոր գործիչների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ առանցքային շահագրգիռ կողմերի։ Այն քաղաքական հենարան կծառայի COP17-ի համար՝ սահմանելով ռազմավարական ուղղությունը, բարձրացնելով հավակնությունները և մոբիլիզացնելով համակարգված գլոբալ գործողություններ՝ Երկրի վրա կյանքը պաշտպանելու համար։
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև այլ երկրների և կազմակերպությունների առաջնորդներ։



