Ողջունում եմ Երևանյան հռչակագիրը, որը բեկումն...

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն այս չափազանց կարևոր գագաթնաժողովը կազմակերպելու և Կովկասի հրաշքներին առնչվելու հնարավորության համար։ Այս լանդշաֆտները և այն ամենը, ինչ լցնում է դրանք, հիշեցում են այն բանի, հանուն որի մենք հավաքվել ենք այստեղ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

«Սնունդը, որ մենք ուտում ենք, ջուրը, որ մենք խմում ենք, և հենց օդը, որը մենք շնչում ենք, կենսաբազմազանության պարգևներն են։

Սակայն ամեն անցնող օր մարդկությունը «կյանքի ծառից» նորանոր ճյուղեր է սղոցում։ Կլիմայական քաոսը, անասունների չափից ավելի արածեցումը և ձկան չափազանց մեծ որսը, պարարտանյութերի ավելորդ օգտագործումը, թունաքիմիկատները, պլաստիկը, ծանր մետաղները՝ այս ամենը և շատ ավելի են խորացնում մոլորակային եռակի ճգնաժամը՝ շրջակա միջավայրի աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը և կլիմայական քաոսը։

Այսօր Երկրի վրա բնակվող ավելի քան մեկ միլիոն տեսակ անհետացման վտանգի տակ է, ինչը մեզ մոտեցնում է կյանքի համար անպիտան աշխարհին։ Բայց այդպես չպետք է լինի։ Չորս տարի առաջ Մոնրեալում աշխարհի առաջնորդները համաձայնեցրին գործողությունների ծրագիր։ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը նախանշեց բնության հետ հաշտեցման ուղին։ Եվ դա միայն սկիզբն էր։

Մեզ պետք են ավելի վճռական գործողություններ, ավելի մեծ արագություն և ամուր քաղաքական կամք։ Մենք 2030 թվական տանող ճանապարհի կեսին ենք, և Երևանում կայացող այս հանդիպումը պահ է, երբ ժամանակն է հաշվետու լինել։ Ժամանակն է ինքներս մեզ հարց տալու՝ արդյո՞ք մենք բավականաչափ բան ենք անում։ Սիրելի բարեկամներ, կան լավ և վատ լուրեր։ Գլոբալ շրջանակային ծրագիրը ոգեշնչել է քայլերի ամբողջ աշխարհում։ Կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսը սահմանել է կենսաբազմազանության ազգային նպատակային ցուցանիշներ, կեսից ավելին մշակել է դրանց հասնելու սեփական ազգային «ճանապարհային քարտեզները»։

2022 թվականից ի վեր պաշտոնական պահպանության տակ է վերցվել լրացուցիչ 1,3 միլիոն քառակուսի կիլոմետր ցամաք և 6 միլիոն քառակուսի կիլոմետր օվկիանոս։ Սակայն առաջընթացն անհավասար է և չափազանց դանդաղ։ Նույնիսկ եթե ներկայիս ազգային պարտավորությունները կատարվեն, ապա մինչև 2030 թվականը պաշտպանության տակ կհայտնվեն ցամաքային էկոհամակարգերի միայն 26 տոկոսը և ծովային էկոհամակարգերի 12 տոկոսը։ Սա զգալիորեն պակաս է Մոնրեալում տրված խոստումից՝ մինչև 2030 թվականը ապահովել ցամաքի և ծովային տարածքների 30 տոկոսի պահպանությունը։

Տնտեսական համակարգերին վերաբերող նպատակներում պահպանվում են լուրջ բացեր։ Բացի այդ, առաջընթացի համար անհրաժեշտ բազմաթիվ առանցքային տարրեր դեռևս չկան՝ ֆինանսավորում, կարողություններ, համագործակցություն և որակյալ տվյալներ։

Կենսաբազմազանության պահպանության միջոցառումների ֆինանսավորման ծավալը կազմում է մեր համաձայնեցրած 200 միլիարդ դոլարից պակաս, նույնիսկ դրա կեսից էլ քիչ։ Մեր աշխարհը տառապում է հակամարտություններից, կլիմայական ցնցումներից, պարենային անվտանգության բացակայությունից, համաճարակների սպառնալիքից և շատ այլ խնդիրներից։ Միևնույն ժամանակ, կենսաբազմազանության խնդիրը գոյություն չունի մյուսներից անջատ՝ այս ճգնաժամերից որևէ մեկի լուծումը պահանջում է համալիր մոտեցում բոլորի նկատմամբ։ Հապաղել չի կարելի։ Այսօր ես կոչ եմ անում առաջնորդություն ցուցաբերել երեք առանցքային ոլորտներում։

Առաջինը առաջնորդությունն է կառավարությունների մակարդակում։ «30-ը 30-ի դիմաց» նպատակային ցուցանիշը (մինչև 2030 թվականը ցամաքի և օվկիանոսների 30 տոկոսի պահպանումը) գիտական տվյալների ընդունում է և բազմակողմ համագործակցությանը նվիրվածության դրսևորում։ Ծրագրերի իրականացումը կպահանջի արմատական անցում բնությունը կործանող քաղաքականությունից դեպի այնպիսի պրակտիկա, որը նպաստում է դրա պահպանմանը։ Դրանք ներառում են՝ անթափոն և ցիրկուլյար տնտեսության սկզբունքների ներդրում, անցում դեպի կայուն և վերականգնողական գյուղատնտեսություն, մոնիթորինգի և հաշվետվողականության թափանցիկության ապահովում, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող օրենքների ավելի խիստ կիրարկում։

Ես ողջունում եմ Երևանի հռչակագիրը, որի հեղինակները ձգտում են այս համաժողովը դարձնել բեկումնային մեր մոլորակի համար և կենսաբազմազանության հարցերն ամրագրել կառավարության յուրաքանչյուր որոշման մեջ՝ լինի դա քաղաքականության մշակում, բյուջեի ձևավորում, թե նորմատիվ ակտերի ընդունում։

Երկրորդ՝ անհրաժեշտ է առաջնորդություն ֆինանսական ոլորտում։ Դառը ճշմարտությունն այն է, որ մենք միջոցները ծախսում ենք ոչ թե այնտեղ, որտեղ պետք է. բնության պաշտպանությանը ներդրված յուրաքանչյուր մեկ դոլարին բաժին է ընկնում դրա ոչնչացման վրա ծախսված 30 դոլար։ 2023 թվականին 7,33 տրիլիոն դոլար ուղղվել է շրջակա միջավայրին վնաս հասցնող գործունեությանը։

Ծանր արդյունաբերությունը, որը մթնոլորտ է արտանետում աղտոտող նյութեր, ագրոբիզնեսը, որը սպառում է հողային ռեսուրսները, և, իհարկե, հանածո վառելիքը՝ այս ամենը կործանարար է։ Հանածո վառելիքի սուբսիդավորումն ըստ էության ինքնասպանության սուբսիդավորում է։ Դա հանգեցնում է մեր մոլորակի գերտաքացման և ոչնչացնում է կենսաբազմազանությունը։ Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարություններին մեկընդմիշտ վերջ դնել նման աջակցությանը, իսկ ազատված միջոցներն ուղղել մարդկանց և մոլորակի բարօրությանը։ ՄԱԿ Շրջակա միջավայրի ծրագրի տվյալներով՝ կենսաբազմազանության, կլիմայի և հողերի վերականգնման գլոբալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մինչև 2030 թվականը բնական լուծումներում ներդրումների ծավալը հասցնել տարեկան 571 միլիարդ դոլարի։

Սա ընդամենը փոքր գին է բնակության համար պիտանի Երկիրը պահպանելու դիմաց։ Սակայն կառավարությունները միայնակ չեն կարող հաղթահարել դա. անհրաժեշտ են նաև մասնավոր հատվածի ակտիվ գործողություններ։ «Քալի հիմնադրամը» (Cali Fund) նորարարական ֆինանսական մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս այն ընկերություններին, որոնք շահույթ են ստանում բնության շնորհիվ, մասնակցել դրա պաշտպանությանը։ Ես կոչ եմ անում ամբողջ աշխարհի բիզնեսին ներդրում ունենալ, իսկ կառավարություններին՝ ստեղծել նման մասնակցության խթաններ։ Վերականգնվող էներգիայի ոլորտում բիզնեսն արդեն հանդես է գալիս որպես առաջամարտիկ։

Մաքուր էներգետիկայի մեջ համաշխարհային ներդրումների ծավալն այսօր գրեթե կրկնակի գերազանցում է հանածո վառելիքի կապիտալ ներդրումները։ Միայն անցյալ տարվա ընթացքում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը թույլ է տվել կանխել ածխածնի այնպիսի արտանետումներ, որոնք համադրելի են Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ճապոնիայի համախառն արտանետումների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ ձգտում են ազատվել հանածո վառելիքի անկայուն և թալանչիական շուկաներից կախվածությունից։ Սակայն այս օգուտներն աշխարհում բաշխվում են անհավասար։ Հսկայական պարտքերը, սահմանափակ բյուջետային հնարավորությունները և անարդար միջազգային ֆինանսական համակարգը շատ զարգացող երկրների ստիպում են ընտրություն կատարել բնության պաշտպանության և մարդկանց բարեկեցության միջև։ Սակայն մենք գիտենք, որ կայուն զարգացումն անհնար է առանց այս երկու ասպեկտների հաշվառման։

Աշխարհի առաջնորդները պարտավորվել են շտկել այս անարդարությունը՝ մեծացնել զարգացման ներքին և միջազգային ֆինանսավորումը, հասնել նրան, որ բազմակողմ զարգացման բանկերը էապես մեծացնեն ներդրումները, ապահովել նոր կապիտալի հոսք այդ բանկերի բաժնետերերից, ինչը թույլ կտա ընդլայնել արտոնյալ ֆինանսավորումը և ներգրավել մասնավոր ներդրումներ, ինչպես նաև բարեփոխել գլոբալ ֆինանսական ճարտարապետությունը։

Սա անհրաժեշտ է, որպեսզի զարգացող երկրները ստանան ձայնի իրավունք և ազդեցություն, որոնք կհամապատասխանեն ժամանակակից տնտեսական իրողություններին։

Եվ վերջապես, մեզ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք ստանձնի պատասխանատվություն և առաջնորդություն դրսևորի։ Շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը հաճախ ամենաուժեղ հարվածն է հասցնում բնակչության առավել խոցելի շերտերին՝ նրանց, ովքեր ամենաքիչն են մեղավոր այս խնդրի առաջացման մեջ։ Բայց հաճախ հենց այս խմբերից էլ գալիս են լուծումները։

Դրանց թվում են երիտասարդության նորարարական գաղափարները, քաղաքացիական հասարակության եռանդը, կանանց ակտիվ մասնակցությունը և, իհարկե, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների առաջնորդությունը։ Եթե կենսաբազմազանության պահպանության հարցերում առաջնային տեղում դնենք բնիկ ժողովուրդների գիտելիքները, կկարողանանք գործի դնել «արհեստական բանականության» ամենահզոր տեսակներից մեկը՝ նախնիների բանականությունը։ Հազարամյակների պատմություն ունեցող այս պրակտիկաները կարող են օգնել մարդկությանը կրկին ձեռք բերել ներդաշնակություն հողի, ծովի և երկնքի հետ։

Գլխավոր քարտուղարի պաշտոնում ինձ մնացել է աշխատելու 76 օր։ Իմ ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում ինձ համար գլխավոր առաջնահերթություններից մեկը եղել է «եռակի ճգնաժամի»՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարը։ Եվ դա պատահական չէ, քանի որ ես, ինչպես ձեզանից շատերը, ունեմ երեխաներ և թոռներ։ Նրանք հուսով են, որ մենք կդառնանք բնության պաշտպանները։

Բնության մեջ առաջնորդներն այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում մյուսների մասին։ Մենք նույնպես պետք է դառնանք այդպիսի հոգատար պահապաններ։ Եկեք գործենք անհապաղ. դա է պահանջում ներկա պահը՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագայի և հանուն Երկրի վրա եղած ողջ կենդանի աշխարհի», — նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։