Հանքային ռեսուրսները պետք է վերածվեն երկարաժա...

Մեր խնդիրը հանքային ռեսուրսները երկարաժամկետ տնտեսական և հասարակական արժեքի վերածելն է։ Այս մասին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։

«Բնական ռեսուրսների առկայությունն ինքնին բավարար չէ։ Վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համախմբել մեր գիտելիքները, մարդկային հնարավորությունները, պատասխանատու կառավարումը և, իհարկե, միջազգային համագործակցությունը», - նշել է Վարդանյանը։ Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում, նպաստում է բնակչության ընդհանուր բարեկեցության բարձրացմանը, ստեղծում է հազարավոր աշխատատեղեր և բարձրացնում համայնքների բնակիչների կյանքի մակարդակը։ «Ընդերքը պետության սեփականությունն է, և, բնականաբար, այն պետք է ծառայի ժողովրդին և բարձրացնի նրա բարեկեցությունը», - ընդգծել է փոխնախարարը։

Վարդանյանը նշել է, որ ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ աճում է, իսկ հանքային ռեսուրսներն էլ ավելի մեծ նշանակություն են ստանում տնտեսության համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ հանքային ռեսուրսների յուրացման, նոր ներդրումների ներգրավման, միջազգային չափանիշների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար։

Փոխնախարարը նաև ուշադրություն է հրավիրել հենց Mining Armenia Forum-ի աճող նշանակության վրա, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Նրա խոսքով՝ տարեցտարի ֆորումն ընդլայնվում է՝ ներգրավելով նոր մասնակիցների և ավելի ու ավելի մեծ թվով երկրների ներկայացուցիչների։ «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ֆորումը ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության համար է կարևոր հարթակ, այլ արդեն ունի նաև միջազգային նշանակություն։ Այդ մասին է վկայում այս տարվա ֆորումում աննախադեպ լայն միջազգային ներկայացվածությունը», — հայտնել է նա։

Վարդանյանը նշել է, որ ֆորումի հագեցած երկօրյա ծրագիրը հնարավորություն է տալիս գործարար շրջանակների, պետական կառույցների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներին և միջազգային փորձագետներին քննարկել ոլորտի արդիական խնդիրներն ու մարտահրավերները, գտնել հնարավոր լուծումներ և առաջ քաշել նոր գաղափարներ։ Նրա խոսքով՝ այս քննարկումները պետք է նպաստեն որակյալ և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։