Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը տարեվերջին մոտ կլինի 0-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Խոսելով դրամի հնարավոր արժևորումից կամ արժեզրկումից՝ Մարտին Գալստյանը ներկայացրել է մի քանի պայմանական սցենարներ: Կարող է լինել, օրինակ, սցենար, որ տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստան միջազգային այցելուների նոր հոսք գրանցվի, որի արդյունքում կլինի արտարժույթի առաջարկի մեծացում, որի դեպքում կարելի է ակնկալել դրամի որոշակի արժևորում:
«Այլ սցենարի պարագայում մեր հայրենակիցների կողմից ստեղծված արդյունքն ուղղվում է սպառման, սպառման մեծ մասը լինում է ներմուծման տեսքով, որը ենթադրում է արտարժույթի նկատմամբ պահանջարկ, որը կարող է հանգեցնել ընթացիկ հաշվի ճեղքի բացման, որի արդյունքում էլ կարող է լինել ազգային արժույթի որոշակի արժեզրկում»,-ասել է Գալստյանը:
Կենտրոնական բանկը սեպտեմբերի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.5 տոկոսային կետով:
Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք տոկոսադրույքի նվազեցումն ազդել դրամի թուլացման վրա՝ ԿԲ նախագահը պատասխանել է, որ տեսականորեն՝ այո, կարող է:
«Եթե դու իջեցնում ես տոկոսադրույքը, այն ակտիվի տոկոսադրույքը, որը նվազում է, դառնում է ավելի քիչ հրապուրիչ ներդրողների տեսանկյունից՝ մանավանդ, որ մյուս կողմից տեսնում ենք, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում դեռևս տոկոսադրույքների աճի միտումը շարունակվում է»,-ասել է Գալստյանը:
ԿԲ նախագահը վստահեցրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման ԿԲ-ի նպատակադրումը դա չէ, Կենտրոնական բանկի խնդիրը եղել և մնում է գների կայունությունը:
Գալստյանը նաև նշել է, որ գնաճի առումով ԿԲ-ի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու որոշումը նշանակում է, որ ռիսկերն ավելի կառավարելի են, քան գարնան կամ ձմռան ամիսներին:



