Վրաստանը պատրաստ կլինի մինչև 2030 թվականն անդամակցելու ԵՄ-ին, սակայն ամեն ինչ կախված է այն բանից` արդյոք Բրյուսելը կփոխի իր դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Deutsche Welle մեդիախմբին տված հարցազրույցում:
«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն, սակայն այսօր մենք չգիտենք, թե ԵՄ-ն կփոխի արդյոք իր հայացքները: Նրանք առաջնորդվում են երկակի չափանիշներով: Գլխավորը երկխոսությունն է, սակայն նրանք չեն մասնակցում մեզ հետ երկխոսությանը: Երբեմն ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ: Դա անհեթեթություն է», - ասել է Կավելաշվիլին:
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ: ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից որոշները փորձել են հեղափոխություն կազմակերպել երկրում:
2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,93%-ը և ստանալով օրենսդիր մարմնի 150 մանդատներից 89-ը: 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները ԵՄ-ի հետ և հրաժարվել Եվրամիության կողմից բոլոր բյուջետային դրամաշնորհներից:



