Կաթողիկոսի՞, թե՞ Փաշինյանի կողքին․ ծանր մարտա...

Նիկոլ Փաշինյանի՝ «Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում» հայտարարությունից հետո Ազգային ժողովի անդրանիկ նիստը ստանում է լրիվ այլ նշանակություն։ Եթե իշխանությունը չհրավիրի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մասնակցելու նիստին, ապա դա կլինի ոչ միայն քաղաքական ժեստ, այլ նաև պետական ավանդույթի և օրենքի նկատմամբ վերաբերմունքի հերթական ցուցադրություն։

Սակայն այս պատմության ամենակարևոր հարցը վերաբերում է ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը։ Ազգային ժողովում ներկայացված «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կանգնելու են ընտրության առաջ․ կհաշտվե՞ն ստեղծված իրավիճակի հետ, թե՞ իրենց կեցվածքով ցույց կտան, որ կան արժեքներ, որոնց շուրջ քաղաքական կոմպրոմիս հնարավոր չէ։

Այս հարցը հատկապես ծանր է «Ուժեղ Հայաստանի» համար։ Ի վերջո, այդ քաղաքական ուժի մուտքը քաղաքական դաշտ սկսվեց հենց Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օրակարգով։ Եթե այսօր, երբ եկեղեցին կանգնած է նման վերաբերմունքի առաջ, այդ պայքարը չշարունակվի նաև խորհրդարանում, շատերը բնական հարց կտան՝ եկեղեցու պաշտպանությունը սկզբո՞ւնք էր, թե՞ քաղաքական մեկնարկի հարմար առիթ։

Առաջիկա անդրանիկ նիստը կարող է դառնալ ընդդիմության ամենակարևոր քննությունը։ Նրանք կամ չեն մասնակցում նիստին և ցույց են տալիս կեցվածք, կամ մասնակցում են, որպեսզի իշխանության հետ հենց առաջին օրվանից կոնֆլիկտի մեջ չլինեն։ Հասարակությունը այս անգամ չի գնահատելու գեղեցիկ ելույթները, այլ քաղաքական վարքագիծը։ Որովհետև քաղաքականության մեջ երբեմն մեկ քայլն ավելի մեծ արժեք ունի, քան հարյուր հայտարարությունը։