Կատարը զգուշացրել է համաշխարհային ճգնաժամի և...

Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական ճգնաժամի և էներգակիրների գների կտրուկ աճի, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Կաթտարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: Ըստ նախարարի՝ եթե հակամարտությունը շարունակվի, Պարսից ծոցի երկրների էներգակիր արտահանողներն առաջիկա օրերին կարող են դադարեցնել արդյունահանումը, ինչը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի և մի քանի երկրների տնտեսությունների փլուզման:

Նախարարի  գնահատմամբ՝ եթե հակամարտությունը տևի մի քանի շաբաթ, նավթի համաշխարհային գները կարող են բարձրանալ մինչև 150 դոլար մեկ բարելի համար: Այսօր Brent նավթի գինը մեկ բարելի համար բարձրացել է, հասնելով 88 դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է Իրանում հակամարտության սկսվելուց ի վեր: Եվրոպական գազի գները ևս աճել են 5%-ով:

Կատարի գազի շուկայում խնդիրները սկսվել են Կատարի խոշորագույն հեղուկ գազի գործարանի՝ Ռաս Լաֆանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Հարվածից հետո Կատարը ստիպված է եղել հայտարարել մատակարարումների վերաբերյալ անհաղթահարելի ուժի մասին: Երկիրը աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտադրողն է, և նույնիսկ եթե ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն, մատակարարման բնականոն ժամանակացույցի վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Բացի դրանից, հակամարտությունը կարող է հետաձգել Կատարի Հյուսիսային դաշտում գազի արդյունահանման ընդլայնման 30 միլիարդ դոլար արժողությամբ խոշորագույն նախագիծը, որը նախատեսված է մինչև 2027 թվականը հեղուկացված բնական գազի արդյունահանման հզորությունը տարեկան 77 միլիոնից 126 միլիոն տոննայի հասցնելու։

Ալ-Քաաբին նշել է, որ տարածաշրջանի մյուս էներգակիր արտահանողները նույնպես դժվարություններ են ունենում։ «Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր արդյունահանողները ստիպված կլինեն հայտարարել անհաղթահարելի ուժի մասին, եթե իրավիճակը շարունակվի»,- նշել է նա։ -Հակառակ դեպքում նրանք պատասխանատվություն կկրեն պայմանագրերի չկատարման համար։

Նախարարը շեշտել է, որ Կատարում գազի արդյունահանումը չի վերսկսվի մինչև ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։ «Ազդանշան կլինի այն ժամանակ, երբ զինվորականները հայտարարեն, որ հարձակումները ամբողջովին դադարեցվել են։ Մենք մարդկանց վտանգի չենք ենթարկի»,- նշել է նա: