Կասկածելի անօդաչու թռչող սարք է նկատվել ֆրանս...

Փետրվարի 25-ին կասկածելի անօդաչու թռչող սարք է նկատվել Շվեդիայի ջրերում՝ ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրի մոտ, որը խարսխվել էր Մալմյո նավահանգստում։ Անօդաչու թռչող սարքը, որը հայտնաբերվել է ավիակրից 13 կմ հեռու, չեզոքացրել են շվեդական էլեկտրոնային պատերազմի համակարգերը, հայտնել են Շվեդայի և Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Շվեդիայի պաշտպանության նախարար Պաուլ Ջոնսոնը ենթադրել է, որ անօդաչու թռչող սարքը ռուսական ծագում ունի, քանի որ դեպքի պահին մոտակայքում ռուսական ռազմանավ է եղել:

Շվեդական բանակը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ, որը, ըստ նրանց, տեղի է ունեցել Էրեսուն նեղուցում։ «Շառլ դը Գոլը» փետրվարի 25-ին Մալմյո է ժամանել՝ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու։

Բալթյան տարածաշրջանում վերջերս հաճախակի են դարձել անհայտ անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը, որոնք թռչում են օդանավակայանների և կարևոր ռազմական ու արդյունաբերական օբյեկտների վրայով, գրում է Euronews-ը։

Ըստ գործակալության՝ փորձագետները դա չեն համարում զուտ տեխնիկական հետաքրքրասիրություն։ Նրանց կարծիքով՝ Մոսկվայի նպատակն է իրական ժամանակում ստուգել ՆԱՏՕ-ի պաշտպանական արձագանքը, բացահայտել հայտնաբերման համակարգերի թերությունները և, ամենակարևորը՝ մշտական ​​հոգեբանական ճնշում գործադրել եվրոպական մայրաքաղաքների վրա։