Կաշառակերության մեջ մեղադրվողը կրկին ամբիոնի...

Ամիսներ առաջ ոստիկանությունը հայտնել էր, որ Շիրակի քրեական հետախույզների օպերատիվ տվյալը հաստատվեց՝ «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել։

Առաջին հայացքից իհարկե կարող է թվալ, թե ամեն բան նորմալ է, քանի որ ոստիկանության գործը հանցագործություններ բացահայտելն է, բայց դա միայն առաջին հայացքից։ Պարզվում է կաշառակերության մեջ մեղադրվող ամբիոնի վարիչը սեպտեմբերին կրկին վերադարձել է իր աշխատանքին։

Հետաքրքիր է, որ այս գործի ընթացքի մասին ոստիկանությունն ու այլ իրավապահները այլևս խրոխտ հայտարարություններով հանդես չեն գալիս։ Ավելին, լռում է նաև կաշառակերության մեջ մեղադրվողը։ Ու այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ի՞նչ է կատարվել։ Եթե մարդը մեղավոր չէ, ու իր բարի համբավը արատավորել են, ապա պետք է պատժվեն գործը վարող իրավապահները, իսկ եթե ամբիոնի վարիչը իրականում կաշառակեր է եղել, ապա ինչ գործ ունի նորից ՇՊՀ-ում։

Մի բան է միայն պարզ, որ ամբիոնի վարիչի վերադարձից հետո համալսարանը լքում են սկզբունքային դասախոսներ։ Օգոտսոսի 31-ին իր ազատման դիմումի մասին էր տեղեկացրել ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը․«Ցավում եմ, որ Շիրակի մայր բուհը գտնվում է նման ծանր վիճակում։ Անպատժելիության, կաշառակերության մթնոլորտում այլևս հնարավոր չէ աշխատել։. Քիչ առաջ դիմում գրեցի աշխատանքից ազատվելու վերաբերյալ»,- գրել էր Համբարձումյանը, կից հրապարակելով աշխատանքից ազատման դիմումի լուսանկարը։ Ինչպես նկատելի է ՇՊՀ դասախոս Համբարձումյանի գրառումից իր համար ևս անընդունելի է կաշառակերության մթնոլորտը։