Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Գառնիկ...

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հանրապետության հրապարակում ակցիա էր իրականացնում՝ հայտարարելով, թե այն իրազեկման նպատակ ունի։ Նա իր հետ բերել էր մաշված մի աթոռ, որի վրա փակցված էր պաստառ: Պաստառի վրա կար կարմիր հետքեր եւ հետեւյալ գրառումը. «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղցասպանություն»:

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետեւանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Իմ նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որ ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին», - ասաց Գառնիկ Դավթյանը:

Նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, թե իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել. «Սա մեր երկրի սոմվոլն է»,-ասաց ոստիկաններից մեկը:

«Միայնակ իրականացնում եմ իրազեկման ակցիա՝ համաձայն հավաքների ազատության օրենքի տեղեկացնելու կարիք չունեմ: Իրավական հիմքը ասեք, որ չեմ կարող գտնվել այստեղ, ես կգնամ»,-ասաց  Դավթյանը:

Ոստիկանները քաղաքացուն ուժով հեռացրին ակցիայի վրայից, այնուհետև բերման ենթարկեցին։