
Կարկուտի հետևանքով գրանցված վնասների մեծ մասի գնահատականները պատրաստ են, սակայն աջակցման ծրագրերի վերաբերյալ վերջնական որոշումները կընդունվեն հունիսի վերջին՝ կախված նաև եղանակային պայմաններից։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս պահին կարկտահարված հողատարածքները կազմում են շուրջ 8740 հեկտար։
Նախարարի տեղակալը նշեց, որ 2023 թվականին գյուղատնտեսական ապահովագրության շրջանակում ֆերմերներին փոխհատուցվել է շուրջ 2,7 միլիարդ դրամ, մինչդեռ հավաքագրված ապահովագրավճարները կազմել են 1,8 միլիարդ, ինչը ստեղծել է անհամաչափություն և 2024-ին վերաապահովագրող կազմակերպության դուրս գալու պատճառ դարձել։ Այդուհանդերձ, կառավարության միջամտությամբ ապահովագրական համակարգը շարունակել է գործել՝ 2025-ին առաջարկելով մեծացնել ապահովագրավճարի սուբսիդավորման չափը։
«2025 թվականին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ։ Դա որոշակի առումով պայմանավորված է նրանով, որ ապահովագրական ընկերությունները զսպվածություն են ունեցել այն ռիսկերի հանդեպ, որոնց առերեսվել էին նախորդ տարիներին»,– նշեց Արման Խոջոյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ իրականացվել է վնասների մեծ մասի գնահատումը, և տվյալները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարություն։ Սակայն որոշ գնահատականներ դեռ ամբողջացված չեն, ուստի աջակցության մեխանիզմների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար կառավարությունը կսպասի մինչև հունիսի 20–25-ը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարկտահարության առումով, մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում», – եզրափակեց նախարարի տեղակալը։