Սեպտեմբերի 9-ին Երևանում բացվեց Կարեն Դեմիրճյանի արձանը։ Միջոցառումից հետո Դեմիրճյանի մասին գրառում կատարեց նաև ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը․ «Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:
Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես» »,-գրել է Սիմոնյանը:
Միանգամից հասկանալի է Ալեն Սիմոնյանի նպատակը։ Նա գրառման սկզբում գրում է, որ Կարեն Դեմիրճյանը «մեծ», իսկ վերջում գրում, թե Ռիմա Դեմիրճյանն իրեն ասել է «Կարենիս շատ նման բաներ ունես», անուղղակի կերպով հասկացնում, որ մի պակաս «մեծն» էլ ինքը չի։
Մի կողմ թողնենք Ալեն Սիմոնյանի երազանքները, փորձենք հասկանալ, թե ինչով նա կարող էր նման լինել Կարեն Դեմիրճյանին։ Որքան փորձեցինք ինչ որ դրվագ գտնել անհաջողության հանդիպեցինք։ Կարեն Դեմիրճյանը հրաշալի կրթություն է ստացել, անցել է կարևորագույն քաղաքական դպրոց, ունեցել է հրաշալի կարիերա ԽՍՀՄ մասշտաբով։ Կարեն Դեմիրճյանի իշխանության գալուց հետո Հայաստանում բազմաթիվ կարևորագույն ծրագրեր են իրականացվել։
Իսկ ինչ ունի Ալեն Սիմոնյանը՝ մի քանի սերիալներում էպիզոդիկ դեր է խաղացել, որոնցից միայն մեկն է հիշարժան, որտեղ նա ռուս կնոջ հետ սիրով է զբաղվում, մաֆիա խաղի ակումբ է ունեցել, ՔՊ իշխանության գալուց հետո Հայաստանը հազարավոր զոհեր է ունեցել, Արցախը կորցրել է իր տարածքների մեծ մասը։ Սիմոնյանի հետ կապված վերջին մեկ տարվա ամենահայտնի իրադարձությունը եղել է այն, որ նա թքել է քաղաքացու դեմքին, ընդ որում ոչ առանց թիկնապահների օգնության։
Հիմա հետաքրքիր է, թե Ռիմա Դեմիրճյանը ինչ նմանություն է տեսել իր ամուսնու և Ալեն Սիմոնյանի միջև, եթե իհարկե հանգուցյալ տիկին Ռիման նման բան ընդհանարապես ասել է։ Այս գործիչների կյանքի բոլոր հայտնի դրվագները 180 աստիճանով իրարից տարբերվում են։



