Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչ...

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Այդ մասին  հայտնեցին Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  Աշոտ Հարությունյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները  և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել,  ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։ Մարտինա Շմիդտը  շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար։

ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը կարևորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը, անդրադարձ է կատարվել վերջին ՏԻՄ ընտրություններին։