Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշի...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասել է, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ  են մոտեցումների հստակեցման, փոխանակման համար։ Նրա խոսքը մեջբերել է Ռիա նովոստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՀՀ կառավարությունից հայտնել էին՝ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Փաշինյանն ասել է,  որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

«Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, դիրքորոշումների հստակեցման համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլում ընդունվում Փաշինյանի որոշումը և ինչպե՞ս են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «դեռևս մնում է ակտուալ»։

«Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին, առնվազն համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջը մասնակիցների կողմից», - ասել է Պեսկովը։