Կառավարությունը ներկայացնում է ծիծաղելի փաստե...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» գրքի լուսանկարը՝ գրելով.

«Հարգելի ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը և չտարածել, ամոթ է»։

Politik.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու՞ չի հավանել գիրքը:

«Ես կարծում եմ՝ եթե Դուք վերցնեք գրքույկը, կարդաք, միանգամից կհասկանաք խնդիրը: Ես պարզապես կարծում եմ, որ այստեղ նշված են փաստեր, որոնք հավասարազոր են ֆեյսբուքյան ստատուսների, և դրանք հարիր չեն կառավարությանը, որ ներկայացվեն ու տարածվեն՝ թե տեսեք՝ ինչ է արել կառավարությունը: Ինձ համար որոշ փաստեր ծիծաղելի էին: Մեր բոլորի ակնկալիքները նոր կառավարությունից ավելի շատ են, քան այս փաստերը, որոնք նրանք անընդհատ մեզ հրամցնում են»,-նշեց Սամսոնյանը:

Հարցին՝ գրքույկում նշված են այն նույն փաստե՞րը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը պատասխանեց. «Մի մասը նոր են և շատ ավելի ծիծաղելի, քան հիշատակվել են ասուլիսին»: