Կառավարությունը հավանություն է տվել միկրոձեռն...

Մեկ այլ որոշմամբ հավանության են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին: Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի սկզբնապես դրված նպատակներին: Ի սկզբանե միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսվարող սուբյեկտների համար հարկման արտոնյալ պայմանների ստեղծումը: Ներկայում, սակայն, համակարգից օգտվում են ոչ միայն նշված գործունեությամբ զբաղվող փոքր տնտեսվարող սուբյեկտները, այլև այն տնտեսվարողները, որոնք եկամուտ են ստանում այլ տնտեսվարող սուբյեկտներից: Միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաև այն, որ դրա շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական, այլև պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական 5000 ՀՀ դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ
1) շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը,
2) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
3) միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Հարկային օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

Տ. Խաչատրյանը նշել է, որ Ֆինանսների նախարարությունը կշարունակի ներկայացնել հարկման միասնական ռեժիմի ձևավորմանը միտված փոփոխությունների առաջարկներ, իսկ նման հատվածական կարգավորումները թույլ կտան կրճատել նկատված սողանցքները և հարկումից խուսափելու հարթակ չդառնալ, քանի դեռ գործում են հարկման տարբերվող ռեժիմներ:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նշվել է հարկման ռեժիմների միասնականացման ուղղությամբ շարունակական քայլերի կարևորությունը, ինչը կխթանի տնտեսվարող սուբյեկտների մեծացումը: Այս առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Դա, ի վերջո, կապիտալի շուկայի ձևավորման ամենալուրջ խոչընդոտն է, որովհետև ձեռնարկատիրությունը դեպի կապիտալի շուկա գնալու մոտիվացիա չունի, իսկ դա ամենամեծ պրոբլեմն է: Պետք է անընդհատ ավելացնենք ընկերությունների կոնսոլիդացիայի և մեծանալու խթանները»: