Ժամկետային զինվորական ծառայության սահմանային...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
Պատգամավորը ընդգծել է նաև, որ մեր երկրում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից:

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Օրենսդրական նախաձեռնության և կից առաջարկվող կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը և այլն:

Հարկ է նշել, որ Հայկ Սարգսյանը նախաձեռնել էր զինվորական ծառայությունից ազատվելու համար ֆինանսական փոխհատուցման օրենսդրական նախագիծը, բարձրացրել վճարի շեմը, որն արդեն ուժի մեջ է մտել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: