Կառավարության թիմը խոտան է. Ազատ Արշակյան

«Իմ կարծիքով՝ առաջընթաց կա ժողովրդավարության և Արցախի հարցում: Օրինակ՝ ԱԺ ընտրություններն անցկացվել են բավական բարձր մակարդակով՝ մրցակցային էին, թափանցիկ և ազատ: Արտաքին հարաբերություններում կա աշխարհի ուժեղ թևերի՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների, Կանադայի աջակցությունը Արցախի հարցում նոր բանաձևին: Այսինքն՝ այն բանաձևին, որը չի ենթադրում Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ, և Արցախի իշխանության, Արցախի ժողովրդի կարգավիճակի բարձրացում կա: Սա կարելի է հաջողություն համարել: Ընդհանրապես, իմ կարծիքով, հենց սկզբից պետք է լիներ, բայց քանի որ չի եղել նախորդ տարիներին, ապա դա հաջողություն է»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո տեղի ունեցած առաջընթացին: 

«Իսկ ինստիտուտների բարեփոխման հարցում, կարծում եմ, առաջընթաց չկա: Ես համարում եմ թերություն, որ ընտրությունների մասին նոր օրենք չի ընդունվել, որն ապահովում է ժողովրդավարությունը, չի ընդունվել կուսակցությունների մասին օրենք, որը կապահովեր վերջիններիս քաղաքականցումը՝ որպես ժողովրդավարության կայացման գործիք, չի բարեփոխվել սահմանադրությունը, որը խիստ անհրաժեշտ է: Օրինակ՝ դատաիրավական համակարգը կախյալ է օրենսդիր և գործադիր մարմիններից, իսկ իրավական երկրում այդ երեք մարմինները պետք է իրարից անկախ լինեն, իսկ մեզ մոտ սահմանադրությունը և օրենքները սահմանադրական դատարանի ձևավորումը կախվածության մեջ են դնում գործադիր և օրենսդիր մարմիններից»: 

Հարցին՝ բավարա՞ր էր մեկ տարին վերը նշված կետերն իրագործելու համար, Արշակյանը պատասխանեց.«Եթե լավ աշխատեին, թիմը լավը լիներ, մի տարին, իհարկե, բավարար էր: Բայց փաստի առաջ ենք կանգնած, որ չի արվել: Թիմը խոտան է: Օրինակ՝ Արդարադատության նախարարությանը կարելի է պատժել, որովհետև պետք է լիներ օրինաստեղծ մարմինը: Մենք պետք է սեղանին սահմանադրության բարեփոխման մի քանի տարբերակ ունենայինք: Պետք է ներկայացներ ընտրությունների, քաղաքական կուսակցությունների, ՏԻՄ-երի ձևավորման մասին օրենքների մի քանի տարբերակներ: Այս ամենի համար նույնիսկ կես տարին էր բավական, եթե հաշվենք ԱԺ արտահերթ ընտրություններից՝ դեկտեմբերից հետո եղած ժամանակահատվածը: Արդարադատության նախարարությունը սրանց համար է ստեղծված, ոչ թե կալանավորների համար շիլա եփելու: Փաստորեն, նրանք միայն դրանով են զբաղվել՝ շիլա եփելով: Արդարադատության նախարարի պաշտոնից  Արտակ Զեյնալյանի հրաժարականը տեղին էր: Կառավարությունում մոտավորապես հայտարարեցին՝ ապրես, որ լավ չես աշխատել: Շնորհակալություն հայտնեցին մեկ տարին մսխելու համար»:

Անդրադառնալով տնտեսության թռիչքաձև զարգացման մասին ներկայիս իշխանությունների՝ 1 տարի առաջ տված խոստմանը՝ Ազատ Արշակյանը ասաց.«Հեղափոխականները խոստացել էին խորացնել Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Այժմ նրանք Եվրասիական տնտեսական միության հետ դա կատարում են, բայց դա տնտեսական աճ չի կարող ապահովել: ԵԱՏՄ-ն հետադիմական աղքատ պետությունների միություն է, բայց քանի որ հեղափոխականները խոստացել էին խորացնել, այդ իմաստով հավատարիմ են իրենց խոստմանը, և բնական է, որ այդ տրամաբանությամբ տնտեսական թռիչքներ գրանցել չենք կարող»: