Իրանում ակնկալում են, որ Հայաստանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ ,
Նշենք, որ դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել ենթադրաբար 2026 թվականին Փաշինյանի այցի ժամանակ:
«Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին», - պարզաբանեց դիվանագետը։
Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին նա հույս հայտնեց, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ:
«Կարևոր է, որ հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», - ընդգծեց դեսպանը։
Իրանցի դիվանագետը կարևորեց տարածաշրջանում կայունության և փոխգործակցության ամրապնդումը:



