Իրանի դեմ «Էպիկական ցասում» ռազմական գործողու...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման գործողությունը դադարեցնելու մասին հայտարարությունից առաջ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» գործողությունն ավարտված է։  Ճեպազրույցի սղագրությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

««Էպիկական ցասում» գործողությունն ավարտված է։ Նախագահը Կոնգրեսին տեղեկացրել է, որ գործողության այդ փուլն ավարտված է», - ասել է Ռուբիոն։

Ինչ վերաբերում է բանակցություններին, Ռուբիոյի խոսքով՝ հարցը ոչ միայն ուրանի հարստացումն է, այլև 2025 թ. հունիսի ամերիկյան հարվածներից հետո գետնի տակ թաղված միջուկային նյութի հետագա ճակատագիրը, որն առանցքային կետ է ԱՄՆ-ի համար։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղության ուղին»։

«Նախագահը կնախընտրեր համաձայնության գալ։ Նա կնախընտրել նստել, մշակել փոխըմբռնման հուշագիր հետագա բանակցությունների վերաբերյալ, որոնք կհասցեագրեին բոլոր կարևոր թեմաները, նեղուցի լիարժեք բացումը, - ասել է նա։ - Սա այն ուղին է, որը նա նախընտրում է։ Մինչ այժմ սա այն ուղին չէ, որն Իրանն ընտրել է»։

Ինչ վերաբերում է Հորմուզով նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» գործողությանը, որն ԱՄՆ-ն արդեն դադարեցրել է, Ռուբիոն նշել է, որ այն պաշտպանական բնույթ ունի։ Նա հայտնել է, որ 87 երկրի 23 000 քաղաքացիական անձ արգելափակված է նեղուցում գտնվող նավերում. նրանք գտնվում են շատ ծանր վիճակում, մեկուսացված են, ունեն սննդի և ջրի պակաս։ Ռուբիոյի խոսքով՝ առնվազն 10 նավաստի մահացել է այս իրավիճակի պատճառով։