Կառավարության շենքի մոտից բերման ենթարկված ցո...

Կառավարության մոտից ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 33 անձի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով (վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդված)։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ 3 ժամվա ընթացքում վարչական արձանագրություն կկազմեն և բոլորը ազատ կարձակվեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանը գիշերը 24:00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր:

ԱԽՔ-ը նաև հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ՝ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել էր Գրիգորյանը։

Այս հայտարարությունից հետո այսօր Գեղամ Մանուկյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին ՀՀ կառավարության դիմաց և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում կատարվածի վերաբերյալ, ինչը, սակայն, ոստիկանների անհամաչափ գործողություններին արժանացավ։ Նրանք բռնի ուժ գործադրելով բերման էին ենթարկում քաղաքացիներին։