Կանադայում գործադուլ հայտարարած երկաթուղայինն...

Կանադայի երկու խոշոր երկաթուղային ընկերությունների՝ Canadian Pacific Kansas City (CPKC)-ի եւ Canadian National Railway-ի (CN) աշխատակիցները, որոնք օգոստոսի 22-ին գործադուլ էին հայտարարել, աշխատանքի կվերադառնան երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին։ Այս մասին տեղեկացրել է The Globe and Mail թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ, CN-ի աշխատակիցները սկսել են վերադառնալ աշխատատեղեր արդեն օգոստոսի 23-ին, այն բանից հետո, երբ Կանադայի աշխատանքային հարաբերությունների խորհուրդը (CIRB) պարտավորեցրել է երկու ընկերություններին եւ Teamsters արհմիությանը անցնել հարկադիր արբիտրաժ, իսկ երկաթուղայիններին՝ վերադառնալ աշխատանքի։ CPKC-ը հայտնել է, որ աշխատանքը կվերսկսի օգոստոսի 25-ին, բայց արհմիությունը նշել է, որ աշխատակիցները պետք է վերադառնան իրենց պարտականություների կատարմանը երկուշաբթի, կեսգիշերից մեկ րոպե անց»։

CN-ի ներկայացուցիչ Ջոնաթան Աբեկասիսը թերթին ասել է, որ «աշխատանքը վերսկսելը կտեւի մեկ շաբաթ, գուցե եւ ավելի»։ Canadian Manufacturers & Exporters առեւտրային ասոցիացիայի ղեկավար Դենիս Դարբին հայտնել է, որ աշխատանքային խափանումներ կարող են տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում, այնպես որ գնորդները սովորականից ավելի երկար պետք է սպասեն ապրանքներ ստանալուն։

Կանադայի երկաթուղայինների գործադուլը սկսվել է անցած շաբաթ։ Պատճառը անարդյունք բանակցություններն են CPKC-ի եւ CN-ի ու Teamsters արհմիության միջեւ, որը պնդում է, որ ընկերությունները ստիպում են աշխատակիցներին ավելի շատ աշխատել աշխատուժի անբավարարության պատճառով։ Ընկերությունները, որոնք պատասխանատու են երկրում բեռնափոխադրումների 80 տոկոսի համար, հայտնել են, որ առաջարկում են առանձին վճար արտաժամյա աշխատանքի համար։