Կանադան պատրաստվում է բացել իր առաջին դիվանագ...

Կանադան պատրաստվում է բացել իր առաջին դիվանագիտական ​​​​առաքելությունը Գրենլանդիայում՝ որպես աջակցության դրսևորում դանիական կղզուն՝ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկրտումների ֆոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կանադացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում են գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, փետրվարի 6-ին մեկնում են Նուուկ՝ Կանադայի հյուպատոսությունը պաշտոնապես բացելու համար։

Այցից առաջ Սայմոնն իր ելույթում նշել է, որ Կանադան «հաստատակամորեն աջակցում է Գրենլանդիայի ժողովրդին, որոնք իրենք են որոշելու իրենց ապագան»։

Պաշտոնյաների այցը տեղի է ունենում ֆրանսիացի պաշտոնյաների նմանատիպ այցի ֆոնին. նույն օրը Ֆրանսիան ևս պետք է բացի իր հյուպատոսությունը Գրենլանդիայում։

Կանադական և ֆրանսիական առաքելությունների բացումը Գրենլանդիայում արտաքին ներգրավվածության պատմական ընդլայնում է։ Մինչև այս շաբաթ Նուուկում պաշտոնական դիվանագիտական ​​​​հյուպատոսություններ ունեին միայն Իսլանդիան և ԱՄՆ-ն։

Սա նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Գրենլանդիային առաջարկվող շարունակական աջակցության ազդանշան է այն բանից հետո, երբ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է տիրանա կղզուն՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։

ԱՄՆ նախագահը վերջերս Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո հայտնել է համաձայնության հասնելու մասին և բացառել կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով ուժի կիրառման հնարավորությունը։ Թրամփը նշել է, որ այժմ ուսումնասիրում է հնարավոր համաձայնությունը Դանիայի, եվրոպական դաշնակիցների և Կանադայի հետ բանակցություններից հետո։

Գրենլանդիան որոշ ժամանակ գտնվել է Կանադայի ուշադրության կենտրոնում։ Հյուպատոսության բացման մասին առաջին անգամ հայտարարվել էր 2024 թ. սկզբին, երբ Օտտավան վերանայում էր իր արտաքին քաղաքականությունն Արկտիկայի շրջանում։ Բացումը նախատեսված էր 2025 թ. վերջին, սակայն այն հետաձգվել էր վատ եղանակի պատճառով։