Կամչատկայի երկրաշարժն առաջացրել է Վլադիվոստոկ...

Կամչատկայից 170 կմ հեռավորության վրա hուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Երկրի մակերևույթի լուրջ շարժման: Սարքերը գրանցել են, թե ինչպես է Վլադիվոստոկը սեյսմիկ իրադարձությունից 10 րոպե անց տեղաշարժվել 5 սմ դեպի հարավ, ապա՝ 5 սմ դեպի հյուսիս: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի Պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Նիկոլայ Շեստակովը:

«Նույնիսկ Վլադիվոստոկի կայանները, որոնք գտնվում էին էպիկենտրոնից 2350 կմ հեռավորության վրա, «զգացել» են Երկրի մակերևույթի շարժումը, որն առաջացրել է Կամչատկայի երկրաշարժը: Գլխավոր ցնցումից տասը րոպե անց մեր քաղաքը «շարժվել է» գրեթե 5 սմ դեպի հարավ, ապա նույնքան՝ դեպի հյուսիս», - նշել է պրոֆեսորը: 

Արբանյակային եզակի տեխնոլոգիաների շնորհիվ գիտնականները կարողացել են ուսումնասիրել այդ գործընթացը: 

Հուլիսի 30-ին Կամչատկայի խաղաղօվկիանոսյան ափից 100 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 8,8 մագնիտուդով երկրաշարժ: GLONASS/GPS գլոբալ արբանյակային դիրքավորման սարքերը գրանցել են, թե ինչպես է հիմնական ցնցումից 55 վայրկյան անց սկսվել թերակղզու հարավային մասի սահուն տեղաշարժը: 

Հաջորդ երկու րոպեների ընթացքում լեռնազանգվածները, ներառյալ հրաբխային կառույցները, երկու մետր տեղաշարժվել են հարավ-արևելյան ուղղությամբ՝ միաժամանակ իջնելով ավելի քան 30 սմ: