Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու օրը, մեր դիտարկմամբ, առողջական վիճակն ավելի էր վատացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, կալանքի պայմաններն այդ իմաստով ազդեցություն չեն թողնում։ Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ ՄԻՊ-ը միջամտելու իրավունք չունի, պարզապես նշեմ, որ մենք փաստաբանների բողոքի հիման վրա այնքանով, որքանով նա շարունակում է մնալ մեղադրյալ, ինչպես ցանակացած այլ գործով, այս դեպքում էլ նույնպես, ուշադրության ներքո պահելու ենք խնդիրը, համապատասխան գնահատականներ նաև կհնչեցնենք», - ասաց Թաթոյանը։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Գրիգորյանի առողջական վիճակն այսքան չվատթարանար, եթե դատարանն ավելի շուտ բավարարեր կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունները, Թաթոյանն ասաց․
«Քանի որ գործը գտնվում է դատական վարույթում, գնահատականների առումով ես սահմանափակված եմ, ընդամենը կարող եմ ասել, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի, բայց դե մերժվել է»։



