ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիս ամսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։ Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հիշյալ 6 վրանները հաշվառել են իբրև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։
Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանը վաճառելու վերաբերյալ։ Իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։ Բացի այդ, հափշտակված գույքը պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021 թվականի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն: