Ջուր չլինելու պատճառով էստեղ ոչ մեկը հարս չի...

Մղարթը Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի 9 բնակավայրերից մեկն է՝ 330 բնակչով: Բնակավայրի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանի խոսքով՝ ժամանակին բնակիչներն ավելի շատ են եղել, բայց տարիների ընթացքում տարբեր հանգամանքներով հեռացել են գյուղից: Գլխավոր պատճառը, ըստ գյուղապետի, խմելու ջրի խնդիրն է:

1980-90-ական թվականներից գյուղում ջուր չկա, մինչ այդ նման խնդիր չի եղել՝ պոպմերով են մատակարարումն իրականացրել: Գյուղապետարանը գործում է մի հին, կիսաքանդ շենքում, բայց ղեկավարը իմաստ չի տեսնում նորոգել այն՝ ավելորդ ծախս համարելով, դրա փախարեն, ասում է, կարելի է մի փոքրի սենյակ առանձնացնել, այդտեղ աշխատել, միևնույն է՝ երկու հոգով են:

Գյուղի 4 տարբեր թաղամասերում 4 բնական աղբյուր կա, ու դրանց առատությունը կախված է այդ տարվա անձրևառատությունից. չկա անձրև՝ չկա ջուր: Մոսինյանի խոսքով՝ այդ աղբյուրներով բնակիչներն ուղղակի «յոլա են գնում», իսկ օգտագործման հիմնական ջուրը բերում են հարևան գյուղերից.«Հունիսից սկսած այդ աղբյուրները գրեթե ցամաքում են, բնակիչները նույնիսկ ջրի չափման նոր միավոր են ստեղծել՝ լուցկու հատիկի չափ»:

Հիմնական դպրոց ունեն՝ 40 աշակերտով, ավագ դպրոց հաճախում են հարևան Օձունում: Արդեն 3 ամիս է՝ նաև մանկապարտեզ կա գյուղում՝ 14 սաներով: Այս պահին կեսօրյա է, բայց սեպտեմբերից կդառնա երկարօրյա. մնացել է մահճակալների հարցը լուծել: Տարեկան միջինում ունենում են 5 ծնունդ, 7 մահ:

Անահիտ Ստեփանյանը, 24 տարի է, հարս է եկել Մղարթ: Ասում է՝ 24 տարում միշտ եղել է ջրի խնդիրը, ոչ մի փոփոխություն.«Գնում տրակտորներով, կամազներով հարևան գյուղերից ջուր ենք բերում, էստեղի աղբյուրների մոտ էլ ժամերով հերթ ենք կանգնում, շատ ժամանակ հոգնում, տուն ենք գնում, կամ որ դույլերը թողած ենք լինում հերթի մեջ, գալիս, տեսնում ենք՝ քամին քշել, տարել ա»:

Մղարթցի Անահիտի խոսքով՝ վերջին մեկ տարում միակ լավ բանը, որ գյուղում կատարվել է, մանկապարտեզի բացումն է: Հնգամյա թոռնուհին սիրով է այցելում, 3 ամսում 3 հանդես են կազմակերպել, էքսկուրսիայի գնացել: Այլ փոփոխություն չկա, իրենց համար առաջնահերթը ջրի հարցն է.«Քյասիբ գեղ ա, ոչ մի բան չկա, ջահելների զբաղվելու տեղ չկա, հասարակ ակումբ չկա: Ջահելները գնում են արտագնա աշխատանքի, երեսունն անց տղաներ կան, որ չեն ամուսնանում, որովհետև ջուր չլինելու պատճառով էստեղ ոչ մեկը հարս չի գալիս, եղածներն էլ թողնում, գնում են:  Էս գեղում լավ ապրող, կարելի ա ասել, չկա, միջակ ապրող երևի մի 20% լինի: Մենք էլ մեր էրեխեքին ենք ասում՝ գնացեք քաղաքում մնացեք, մի բան տեսեք, մի բան հասկացեք»:

Մարիամ Սարգսյան