Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց որոշակի սահմանված գումար էր գանձվում։ Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։ Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։
«Մուտքից սկսած պետք է զգացվի պետության շունչը. պետք է ունենանք խնամված ու բարեկարգ քաղաքային զբոսայգի՝ բարձր որակի ու քաղաքակիրթ սպասարկման ծառայություններով: Բացառելու և արմատախիլ ենք անելու առկա փնթի վիճակը, որն ուղեկցում է ամեն քայլափոխի: Այս տարածքում չի կարող լինել տնտեսվարող, որը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, չունի համապատասխան թույլտվություն և փաստաթղթեր: Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ «Ջրվեժ» անտառպարկի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Պետք է օգտագործել միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունները։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում», - գրել է նախարարը։



