Մրցույթն անցել է շատ թափանցիկ և օրինական: Politik.am-ի հետ զրույցում Արտաշատ Ջրօգտագործման ընկերության (ՋՕԸ) նախագահի՝ այսօր տեղի ունեցած ընտրության մասին ասաց ընկերության վարչական խորհրդի նախագահ Նարեկ Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ թափուր պաշտոնին առաջադրվելու համար դիմում ներկայացրել են 4 անձ, որոնցից 2-ը չեն ներկայացել մրցույթին: Բանավոր հարց ու պատասխանից հետո դիմում ներկայացած Հայկանուշ Գրիգորյանին խորհրդի 9 անդամներից քվերակել են 2 կողմ և 7 դեմ, ժամանակավոր պաշտոնակատար Ֆրունզիկ Մարգարյանին՝ 7 կողմ և 2 դեմ:
Նարեկ Ստեփանյանը նաև հաստատեց մեզ հասած տեղեկությունները, որ Ջրային կոմիտեից փորձել են միջամտել հանձնաժողովի աշխատանքներին՝ նպատակ ունենալով տապալել այսօրվա ընտրությունը և հաջորդ ընտրությանը իրենց թեկնածուին անցկացնել:․․
«Այո, կա նման բան: Կոմիտեի կողմից փորձել են այսօրվա նիստը դադարեցնել: նախագահի թափուր պաշտոնի համար հայտարարություն էինք տվել, բայց իրենց թեկնածուն չէր համապատասխանում պահաջվող տվյալներին: Փորձեցին արհեստական խոչընդոտ ստեղծել՝ պատճառաբանելով, որ խորհրդի կազմում գտնվող անդամներից ոմանք ոռոգման ջրային համակարգում պարտքեր ունեն: Բացատրեցի, որ այդ պարտքերը ընթացիկ պարտքեր են, որոնք կարող է յուրքանչյուր ջրաօգտագործող ունենալ, քանի որ սպառելուց հետո ամսվա վերջում վճարում են գոյացած պարտքը: Բացատրեցի, որ դա առիթ չի հանդիսանում մեր աշխատանքերին խոչընդոտելու համար»,- ասաց Ստեփանյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ արհեստական խոչընդոտ ստեղծելու փորձ է արվել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից.«Արալեզ համայքից Արարատի մարզպետ, հանրաճանաչ կոկորդիլոսաբույծ Գարիկ Սարգսյանի կողմից ուղղարկված մարդիկ էին եկել, որպեսզի այսօրվա նիստը չեղյալ համարվեր, բայց դա իրենց կողմից բնականաբար օբեկտիվ չէր կարող դիտվել, քանի որ իրենց արարքներն անձնական բնույթի էին: Մարդկանց պատասխանեցինք, ճանապարհեցիք:
Մի բան կարող եմ ասել՝ եթե Արարատի մարզպետը չի տիրապետում նույնիսկ հողային տվյալներին, հայտարաում է, թե 40 հազար հետկար կաթիլային ոռոգման հողատարածք ունեն, չգիտի իրական տվյալները, նա ո՞նց կարող է մարդկանց համոզել և փորձել արհեստական խոչնդոտ ստեղծել»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Տեղի ունեցած ընտրության մասով Ջրային Կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է պարզաբանում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․«Այսօր Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյան այցելեց «Արտաշատ» ՋՕԸ՝ ընկերությունում սպասվող ապօրինի ընտրության հետ կապված՝ Ջրային կոմիտեի մտահոգությունը հայտնելու և ապօրինությունը կանխելու հույսով։ Խնդիրն այն է, որ ընկերության վարչական խորհուրդը որոշել էր այսօր նիստ գումարել՝ օրակարգում ունենալով ՋՕԸ գործադիր տնօրենի ընտրությունը։
Մտահոգությունն այն էր, որ հազարավոր ջրօգտագործողների անունից ընկերության ղեկավար պետք է ընտրեր մի խորհուրդ, որի կազմը ձևավորվել է օրենքի պահանջների խախտումներով։ Մանրամասնեմ․
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով սահմանված է, որ ՋՕԸ-ների վարչական խորհրդի անդամներ չեն կարող ընտրվել ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող ընկերության ջրօգտագործող անդամները:
«Արտաշատ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամները 10-ն են։ Նրանցից 6-ն այդ իրավասությունները ստանձնելու պահին ունեցել են ընկերությանը չվճարված՝ ոռոգման ջրի մինչև 490 հազ. դրամի հասնող պարտքեր:
Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ ընկերության անդամները կարող են լինել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ընկերության սպասարկման տարածքում ունեն հողատարածք` սեփականության կամ երեք տարուց ավելի ժամկետով օգտագործման իրավունքով:
«Արտաշատ» ՋՕԸ-ի Վարչական խորհրդի անդամի իրավասություն ստանձնած քաղաքացիներից 3-ը տվյալ պահին ընկերության անդամ չեն հանդիսացել։
Ջրային կոմիտեի ղեկավարությունը, տեղեկանալով նշված փաստերին, իր իրավասությունների շրջանակում, ավելի վաղ գրությամբ դիմել էր «Արտաշատ» ՋՕԸ վարչական խորհրդի նախագահ Նարեկ Ստեփանյանին՝ հորդորելով և առաջարկելով օրենքով սահմանված կարգով ընկերության ընդհանուր (ներկայացուցիչների) ժողով հրավիրել և քննարկել վարչական խորհրդի անդամների օրինականության հարցը: Առաջարկը նրա կողմից չէր ընդունվել:
Իսկ խորհրդի նման կազմն իրավասու չէ գործել և որոշումներ կայացնել։ Մինչ ՋՕԸ շենք մտնելն էլ դրսում հավաքված բազմաթիվ ջրօգտագործողներ վրդովված դիմեցին պրն Գուլյանին՝ խնդրելով չեղյալ համարել ընկերության ղեկավարի ընտրությունը, առաջարկելով վերջապես կարգի բերել ոռոգման դաշտը և թույլ չտալ, որ ՋՕԸ-ն ձևական կամ իրենց շահերն անտեսող կառույց լինի։ Նրանք վստահեցրին, որ պատրաստ են ներկայացուցիչների ժողովով վարչական նոր խորհուրդ ընտրել, որպեսզի հնարավոր լինի ընկերության արժանավոր, մեծամասնության համակրանքը վայելող տնօրեն ընտրել։ Հ. Գուլյանը քաղաքացիներին պարզաբանեցի, որ նման լիազորություն չունի, սակայն ինքն էլ մտահոգված է և եկել է Կոմիտեի իրավաբանի հետ, խորհուրդ տալու, իրավական աջակցություն հայտնելու, որպեսզի բոլոր քայլերն իրավական դաշտում կատարվեն։
Մինչև մրցույթի կայանալը, Հ. Գուլյանը «Արտաշատ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամների, ինչպես նաև հավաքված ջրօգտագործողների (հիմնադիրների) ներկայությամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ իրազեկեց և ներկայացրեց օրենքի պահանջները, դարձյալ առաջարկեց հրավիրել ընդհանուր (ներկայացուցիչների) ժողով և խնդիրը կարգավորել օրենքով սահմանված կարգով:
Հենց ջրօգտագործողների ներկայությամբ էլ զրուցեցին վարչական խորհրդի նախագահի հետ, ներկայացրին իրենց մտահոգությունները և վերադարձան Երևան։
Ավելի ուշ տեղեկացանք, որ խորհուրդն, այնուամենայնիվ, նիստ է գումարել և Արտաշատ ՋՕԸ գործադիր տնօրեն ընտրել։ Կրկնվեմ, սա օրենքի կոպիտ խախտում է և մեղմ ասած, չի արտացոլում ջրօգտագործողների շահերը»։



