Ջինսե հագուստ արտադրող «ՆԱՆՄԱՆ» ՍՊԸ-ն արտոնու...

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց բավարարել «ՆԱՆՄԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՆԱՆՄԱՆ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ջինսե հագուստի արտադրության համար (Կոտայքի մարզ)։

Ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 100 մլն դրամի ներդրում եւ ստեղծվել է 9 նոր աշխատատեղ:

Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 155 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ներմուծվող հումքի, իսկ մնացած մասը նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 22 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` 105,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 201,450,000 դրամ, որից 91,250,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 110,200,000 դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն դրամ: