Իվանյանի ասուլիսը նյարդերս «բուռս հավաքած» եմ...

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը Politik.am-ի հետ զրույցում նշում է, որ դիտել է Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիսը՝ նյարդերը «բուռը հավաքած», որովհետև «էլ չէին բավականացնում»:

«Առաջարկում եմ՝ ինքը կողքից դիտի իր ասուլիսը ու ասի՝ արդյո՞ք այդ պահվածքով, տոնայնությամբ, դեմքի այդ արտահայտությամբ ու «մուննաթով» խոսելը շատ արժանահավատ է համարվում: Մի քանի անգամ տարբեր լրագրողներ փորձեցին հարցեր տալ, դրանք շատ ձևակերպված և կոնկրետ էին, բայց Իվանյանը տալիս էր այնպիսի պատասխաններ, որոնք հիշեցնում էին հին հայկական ֆիլմերը. երբ չգիտեր՝ ինչ ասել, սկսում էր խոսել  կնոջ, ամուսնու, իրենց մատանու և դրա արանքը մտնելու մասին: Ասում էր այնպիսի բաներ, որոնք հարցի ձևակերպման մեջ պարզապես չկային: Ես հասկացա, որ նա պարզապես խուսափում է պատասխաններ տալ: Ես անկեղծորեն տպավորություն ունեմ, որ կառույցը ոչ թե անաչառ տեսակետ է հայտնում, այլ ուղիղ շահագրգռվածություն ունի, որովհետև այլ տպավորություն նրա խոսքը պարզապես չէր հուշում»:

Հարցին՝ ի՞նչ կասի Իվանյանի այն հայտարարության վերաբերյալ, թե «Էլարդ» ընկերությունը՝ որպես Ամուլսարում փորձաքննություն իրականացնող, ընտրվել է մրցույթային կարոգվ՝ խիստ պայմաններով, Կարապետյանցը պատասխանեց.

«Ես կդժվարանամ ասել՝ «Էլարդ»-ը ինչպես է ընտրվել, բայց ես ելնում եմ հետևյալ սկզբունքից՝ ինձ համար Քննչական կոմիտեն մինչ օրս վստահելի կառույց չէ, որովհետև Քննչական կոմիտեի ձեռքերով կատարվել են տարբեր մասշտաբի հանցագործություններ, որովհետև չեն հարուցվել քրեական գործեր նախկինում հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ, և հակառակը՝ կարվել են գործել հանցագործություն չկատարած անձանց վերաբերյալ, և մինչ օրս իրենցից որևէ մեկը չի պատժվել, և մյուս կողմում կանգնած են մարդիկ, որոնց ես վստահում եմ: Օրինակ՝ Նազելի Վարդանյան, Թեհմինե Ենոքյան... Մի խումբ մարդիկ, որոնք արատավորված չեն, չունեն անձնական շահագրգռվածություն և պայքարում են իրենց տունը, հայրենիքը մաքուր պահպանելու համար: Ես իրենց վստահում եմ: Ինձ համար նժարի մի կողմում անվստահելի կառույց է, որն իրեն ակնհայտորեն միակողմանի է դրսևորում, մյուս կողմում՝ մարդիկ, որոնք որևէ կողմով շահագրգռված չեն»: 

Անդրադառնալով հարցին՝ թե այս իրավիճակից ելքն ինչպիսի՞ն կարող է լինել, իրավապաշտպանը նշեց.

«Երբ հայտարարվեց, որ դատարաններին պետք է վեթինգի ենթարկել, ես այն ժամանակ էլ ասում էի, որ դա միայն դատարաններին չպետք է վերաբերի, որովհետև այդ ամբողջ համակարգի մեջ ներգրավված են եղել և՛ Քննչական կոմիտեն, և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ ԱԱԾ-ն, և՛ Դատախազությունը, և՛ Ոստիկանությունը, և՛ քրեակատարողական հիմնարկները. մի ընդհանուր համակարգ է աշխատել, և այդ համակարգից որևէ մեկն այսօր պատժված չէ, իսկ անպատժելիությունը բերում է ավելի ծանր հանցագործությունների կատարման: Իրենք հիմա շատ «արխային» են, որովհետև այդ «թավիշը» վերաբերում է միայն իրենց: Որևէ մեկն իրենց չհարցրեց՝ որ այսքան ժամանակ դուք այդքան հանցագործություններ եք կատարել, դրանց համար ո՞վ է պատասխան տալու: Եղել է համակարգ, որում, սակայն, եղել են անհատներ, որոնք պետք է պատասխան տան. մի մասը պետք է հեռացվի աշխատանքից, մի մասը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, ու քանի դեռ չկա անձնական պատասխանատվության հարցի բարձրացում, որևէ երաշխիք, որ մենք կունենանք առաջընթաց այս ոլորտում, անհիմն է»:

Կարծիքների վերաբերյալ, թե ներկայիս իշխանությունները չունեն համապատասխան քաղաքական կամք՝ անհատների նկատմամբ «պատժիչ» գործողություններ իրականացնելու համար, Նինա Կարապետյանցն ասաց. «Ես ազնվորեն հավատում եմ, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, անկեղծորեն ցանկանում է փոփոխություններ կատարել, այլ խնդիր է, թե ոլորտային ո՞վ և ինչի՞ մասին է իրեն զեկուցում, և ինչպե՞ս է զեկուցում: Սա շատ կարևոր է, որովհետև նա բոլոր ոլորտների մասնագետը չէ, և դա նորմալ է: Օրինակ՝ «Լիդիան»-ի հարցով շատ կարևոր է, թե ով է իրեն զեկուցում: Եթե իր աղբյուրները ի սկզբանե սխալ են, նշանակում է՝ ինքը ճիշտ որոշում կայացնել պարզապես չի կարող: Ակնհայտ է, որ «Լիդիան»-ի հետ կապված իրեն սխալ տեղեկություններ էին տրամադրել»: