
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ողջունում է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև կնքված առևտրային համաձայնագիրը, սակայն խնդրում է ավելի շատ պարզաբանումներ ներկայացնել վերջնական պայմանավորվածությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես դրականորեն եմ ընդունել համաձայնագրի կնքման փաստը, միշտ մտածել եմ, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը կարող է հանգեցնել անկանխատեսելի, հնարավոր կործանարար հետևանքների…. Սակայն անհրաժեշտ է խորամուխ լինել մանրամասների մեջ, անհրաժեշտ է պարզաբանել, թե հատկապես որ ապրանքների համար են բացառություններ արվում…. Ես հստակ տվյալներ չունեմ», - հայտնել է նա լրագրողներին։
Իտալիան ԱՄՆ խոշորագույն եվրոպական արտահանողներից մեկն է, նրա առևտրային հավելուրդը կազմում է ավելի քան 40 մլրդ եվրո։
Հուլիսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Շոտլանդիայում առևտրային համաձայնագիր են կնքել, որի արդյունքում սահմանվել են 15% մաքսատուրքեր ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների համար։ Պողպատի և ալյումինի համար մաքսատուրքերը կմնան նույնը՝ 50%։
Թրամփը հայտնել է, որ ԵՄ-ն համաձայնել է գնել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ, ԱՄՆ-ում լրացուցիչ 600 միլիարդ դոլար ներդնել, բացել երկրների շուկաները ԱՄՆ-ի հետ զրոյական սակագնով առևտրի համար և գնել բազմաթիվ միավոր ռազմական տեխնիկա։
Համաձայնագիրը ձեռք է բերվել Թրամփի կողմից նշանակված օգոստոսի 1-ի վերջնաժամկետից կարճ ժամանակ առաջ։