Իտալիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել...

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Փարիզում ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նպատակով համագործակցել Միացյալ Նահանգների հետ, հայտնում է Il Sole 24 Ore թերթը։ Նա անհամաձայնություն է հայտնել ուկրաինական հարցում «հակաթրամփյան ձևաչափ» ստեղծելու գաղափարին։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն հավատարիմ է հակամարտության կարգավորմանը, և եվրոպական երկրները պետք է աջակցեն ԱՄՆ-ին այդ գործընթացում:

Պարբերականը նշում է նաև, որ Իտալիայի վարչապետը դժգոհ է եղել հանդիպման ձևաչափից՝ համարելով, որ Ուկրաինայում իրավիճակի քննարկումը պետք է ներառի ԵՄ բոլոր երկրների, հատկապես Ռուսաստանին ամենամոտ երկրների ղեկավարներին։

Մելոնին գործընկերներին ասել է, որ ինքը տատանվում է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցում՝ ասելով, որ դա քննարկվող բոլոր տարբերակներից «ամենադժվարն ու ամենաքիչ արդյունավետն է», հաղորդում է FT-ն: Միջոցառումից հետո նա հրաժարվել է շփվել լրագրողների հետ։

Փետրվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ Փարիզում կայացած ԵՄ առաջնորդների հանդիպմանը քննարկվել են Ուկրաինային եվրոպական աջակցության տարբերակները։ Քննարկումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Մակրոնը 20 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Փարիզում կայացած բանակցությունները նվազագույն առաջընթաց են գրանցել ընդհանուր դիրքորոշման մշակման հարցում, նշում է WSJ-ը։