Իտալիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Իրանի դեսպանին՝ Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքով կատարված հարձակման կապակցությամբ իր բողոքն արտահայտելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է AFP գործակալությունը։

Կիպրոսում տեղակայված Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի բազան, որը, ինչպես և Իտալիան, ԵՄ անդամ է, երկուշաբթի վաղ առավոտյան իրանական արտադրության անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել։ ԱԹՍ–ներից մեկն ընկել է անմիջապես թռիչքուղու վրա։

Նույն օրը Կիպրոսի կառավարության աղբյուրը AFP գործակալությանը հայտնել է, որ անօդաչուները արձակվել են հարևան Լիբանանից՝ հավանաբար «Հեզբոլլահ» շարժման կողմից։

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի օրը շարունակվել է Պարսից ծոցի տարածաշրջանից իր քաղաքացիների տարհանումը։ Օմանի մայրաքաղաք Մասկատից շուրջ 300 մարդ է օդանավով տեղափոխվել Հռոմ, իսկ ևս 200 հոգուց բաղկացած խումբը (հիմնականում Աբու Դաբիի ուսանողներ) ուղևորվել է դեպի Միլան։ Միևնույն ժամանակ, այլ քաղաքացիներ ավտոբուսներով ԱՄԷ-ից տեղափոխվել են Օման, իսկ Քուվեյթից, Բահրեյնից և Կատարից որոշ անձինք տեղափոխվել են Սաուդյան Արաբիա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան դրան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան: