Իտալիայում օրն անցնում է զանգվածային լրատվամիջոցների լիակատար լռության պայմաններում՝ Իտալական մամուլի ազգային ֆեդերացիայի կողմից հայտարարված գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Չեն թարմացվում լրատվական հարթակների լուրերը, չեն ցուցադրվում նորությունների հեռուստատեսային թողարկումներ, լուրերի ալիքները հեռարձակում են նախորդ օրվա ռեպորտաժները և ծրագրերը, եթեր դուրս չեն գալիս ռադիոկայանները:
«Մեր համազգային պայմանագրերը չեն թարմացվում 10 տարի, գնաճը կլանել է մեր աշխատավարձերի գնողունակությունը՝ 20% կորստով: Ակնհայտ է, որ տնտեսական բնույթի հարցն անդրադառնում է մամուլի հեղինակության և անկախության մակարդակի վրա», - ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Մամուլի ներկայացուցիչները նաև բողոքում են հրատարակչությունների փակման և ֆինանսավորման կրճատման դեմ: Առաջին լրատվական հեռարձակումները հայտարարված են տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Արդեն հայտարարվել է գործադուլի երկրորդ օրվա մասին՝ ապրիլի 16-ին:
Միաժամանակ մասնակի գործադուլ են անցկացնում կրթության ոլորտի աշխատողները: Ուսուցիչների արհմիությունները նշում են անբավարար աշխատավարձերը, ինչպես նաև պահանջում են դպրոցների ղեկավար պաշտոնների ընդունման կարգի փոփոխություններ:
Մասնակի 24-ժամյա գործադուլ են անցկացնում տրանսպորտի ոլորտի աշխատողները: Հիմնականում դա վերաբերում է Միլանի, Նեապոլի և Թուրինի հասարակական տրանսպորտին:



