Իսրայելը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի Տյ...

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի բնակիչներին կարգադրել է լքել մի ընդարձակ հատված, որտեղ իսրայելցի զինվորականները պյանավորում են հարվածներ հասցնել «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

««Հեզբոլլահ»-ի ակտիվությունն ստիպում է Իսրայելի պաշտպանության բանակին գործել այնտեղ, որտեղ դուք այժմ գտնվում եք: ԻՊԲ-ն չի ցանկանում ձեզ վնաս պատճառել», - հայտարարել է ԻՊԲ-ի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը:

Նա կոչ է արել քաղաքացիական անձանց անհապաղ շարժվել Ավալի գետից դեպի հյուսիս ընկած շրջաններ: Ադրայը զգուշացրել է, որ յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների և շարժման օբյեկտների մերձակայքում, վտանգի է ենթարկում իր կյանքը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը քանիցս հարվածներ է հասցրել Տյուրոսին:

Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ոչնչացնում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները Լիբանանի հարավում և Բեյրութում։ ԻՊԲ-ն նաև հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի սահմանամերձ շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա: Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2000 մարդ է զոհվել։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռներ է արձակում Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։