ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացնում է Գազայի հատվածում սպասվող սովի մասին, քանի որ Իսրայելը շարունակում է սահմանափակել պարենի եւ հումանիտար բեռների առաքումը պաղեստինյան անկլավ։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ գրեթե ոչ մի օգնություն չի հասնում Գազայի հյուսիսային մասի բնակիչներին, որոնք մնացել են իսրայելական պաշարման մեջ, որն ընթանում է արդեն մոտ մեկ ամիս։ ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության տեղեկացմամբ՝ հումանիտար օգնությամբ միայն 971 բեռնատարի է թույլ տրվել մտնել «Քերեմ-Շալոմ» անցակետով հոկտեմբերի 1-27-ին։ Սա հավասար է օրական մոտ 36 մեքենայի, ինչը զգալիորեն ավելի ցածր է մինչեւ պատերազմը միջին ցուցանիշից, որը հավասար էր օրական 500 մեքենայի, նշել է Al Jazeera-ն։