Իսրայելի պատվիրակությունը ներկայում մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հերթական փուլին, որը Կահիրեում պետք է անցկացվի մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը` վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։
Աղբյուրը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ բանակցությունները բոյկոտելու պատճառն այն էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները մինչև այժմ չեն ներկայացրել իրենց մոտ պահվող ողջ մնացած պատանդների ցուցակը, ինչպես նաև չեն նշել, թե Իսրայելը կոնկրետ քանի պաղեստինցի բանտարկյալի պետք է ազատի յուրաքանչյուր պատանդի ազատ արձակման դիմաց:
Միևնույն ժամանակ, արդեն Եգիպտոս են ժամանել ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, որոնք բանակցություններին մասնակցում են որպես միջնորդներ։
Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը արմատական շարժումից պահանջել է համաձայնել վեցշաբաթյա հրադադարի, ինչպես նաև կոչ է արել Իսրայելին` նպաստել Գազայի հատվածում հումանիտար մատակարարումների մեծացմանը: