
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ Իրանի հետ լայնածավալ պատերազմի, ՏԱՍՍ-ին ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Նրան խնդրել են մեկնաբանել Իրանի հետ լայնածավալ զինված հակամարտության հնարավորությունը։ «Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման», - պատասխանել է Գենդելմանը։
Միաժամանակ, վարչապետի գրասենյակի խորհրդականը ընդգծել է, որ Իսրայելը «առաջին հերթին հույսը դնում է իր սեփական ռազմական ուժերի և կարողությունների վրա՝ թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման ժամանակ»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։
The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։