Իսրայելը «նախազգուշացնող հարված» է հասցրել Դա...

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Սիրիայի Դամասկոսի նահանգում դրուզների համայնքի վրա հարձակման պատրաստվող զինված խմբավորմանը։ Ինչպես տեղեկացնում է The Times of Israel պարբերականից՝ այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նրանք հարվածն անվանել են «նախազգուշացնող գործողություն»։

Նեթանյահուն և Կացը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Իսրայելը «լուրջ ուղերձ» է հղել Սիրիայի ղեկավարությանը։

«Իսրայելն ակնկալում է, որ նրանք քայլեր կձեռնարկեն դրուզներին ուղղված վտանգը կանխելու համար», - ասել են Նեթանյահուն և Կացը։

Նրանց խոսքով՝ խումբը պատրաստվում էր հարձակում սկսել Դամասկոսի Սահնայա բնակավայրի դրուզ բնակչության վրա։

«Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիայում դրուզ համայնքին վնաս հասցվի՝ Իսրայելում մեր դրուզ եղբայրների նկատմամբ խորը նվիրվածությունից ելնելով»,- նշված է հայտարարության մեջ։

Իր հերթին Syria TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող Ջարամանա շրջանում ապրիլի 29-ի առավոտյան բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Սիրիայի ընդհանուր անվտանգության երկու աշխատակից։ Բախումները հետագայում տարածվել էին Սահնայա և Աշրաֆիե Սահնայա շրջաններում, որտեղ զինված խումբը հարձակում էր սկսել՝ խլելով ևս 11 անվտանգության աշխատակցի կյանք։

Syria TV-ին տված հարցազրույցում Աշրաֆիե Սահնայայի տեղական համայնքի ներկայացուցիչ Թամեր Ռաֆաան նշել է, որ հարձակվողները պատկանել են անհայտ խմբավորումների: Նա կոչ է արել Սիրիայի կառավարությանն անհապաղ միջամտել՝ բախումները դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Ապրիլի 29-ին Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող հիմնականում դրուզներով բնակեցված շրջանում բախումները սկսվել էին դրուզ տղամարդու կողմից Մուհամմադ մարգարեի հասցեին վիրավորանքներ պարունակող ձայնագրության տարածումից հետո, որը զայրույթ էր առաջացրել սուննիների շրջանում։ Չնայած տղամարդը հերքել էր ձայնագրության հետ որևէ առնչությունը և պնդել, որ ձայնն իրենը չէ, սակայն դա ոչինչ չէր փոխել լարվածությունը մեղմելու համար։