
Իսրայելի կառավարությունը հաղթանակ կտանի Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմում, սակայն կպարտվի դիվանագիտական ճակատում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Այս մասին ասվում է The Globe and Mail թերթի հոդվածում։
Պարբերականը կարծում է, որ եթե մարտական գործողությունները մոտ ապագայում ավարտվեն, ապա Իսրայելը, թեև չհասնելով ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացմանը՝ այնուամենայնիվ հաղթանակ կտանի ցամաքային ճակատում։ «[Իսրայելը] կպարտվի մեկ այլ ճակատում, որն անտեսել են [վարչապետ Բինյամին] Նեթանյահուն և նրա քաղաքական կոալիցիայի գործընկերները։ Իրենց ռազմական նպատակներով տարված՝ նրանք նույնիսկ չեն նկատել, թե ինչպես է Իսրայելը դանդաղորեն վերածվում համաշխարհային մեկուսացված պետության», - պնդում է թերթը։
The Globe and Mail-ը կարծում է, որ Իսրայելը պարտվում է տեղեկատվական պատերազմում, հատկապես այն բանից հետո, երբ Նեթանյահուն արգելել է մարդասիրական օգնության մատակարարումը անկլավին, ինչը ՀԱՄԱՍ-ին հնարավորություն է տվել պաղեստինցիների տառապանքներն օգտագործել իր նպատակների համար։ «Գազայում սովի մասին հաղորդումներից հետո Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Մալթան և Կանադան արդեն հայտարարել են Պաղեստին պետությունը ճանաչելու իրենց ծրագրերի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մնում է Նեթանյահուի դաշնակիցը, սակայն [ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելին աջակցելու հարցում] երկկուսակցական կոնսենսուսը, որը կար նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, այլևս գոյություն չունի։ Նույնիսկ որոշ հանրապետականներ արդեն երես են թեքում Իսրայելից», - նշել է թերթը։