Իսրայելը հայտնել է, որ առավոտյան Լիբանանի կողմից առնվազն 10 հրթիռ է արձակվել Շլոմի հյուսիսային բնակավայրի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը կարողացել է կալանել արձակված հրթիռներից ինը։ Զինվորականների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։
Զինվորականներն, ի պատասխան, հրետակոծել են արձակման հարթակները։
Ավելի վաղ օդային տագնապի ազդանշաններ են լսվել Շլոմի, Հանիտա և Բեցեթ հյուսիսային բնակավայրերում։
Իր հերթին EFE գործակալությունը հաղորդել էր, որ մարտի 27-ին առնվազն վեց մարդ է վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Էն Նաքուրա քաղաքի վրա իսրայելական հարձակման ժամանակ։
Իսկ մարտի 27-ի առավոտյան «Հեզբոլլահ»-ը հրթիռակոծել էր Իսրայելի հյուսիսում գտնվող Քիրյաթ Շմոնա բնակավայրը, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, 25-ամյա տղամարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածն իրականացվել է՝ ի պատասխան իսրայելական հարվածներից Լիբանանի Հեբարիյե գյուղում 7 հոգու մահվան։